17 ապրիլի 2023 - 14:32 AMT
Սոթքի հանքավայրի աշխատանքը դեռ չի վերսկսվել

Ադրբեջանական կողմի պարբերաբար կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրի աշխատանքն արդեն քանի օր է՝ դադարեցված է։ Այս մասին «Փաստինֆոյին» հայտնել են «ԳեոՊրոՄայնինգ գոլդ» ընկերությունից:

Հանքավայրի աշխատանքը դադարեցվել է ապրիլի 15-ից։ Աշխատանքները վերսկսել չի հաջողվել՝ հակառակորդի պարբերական կրակոցների հետևանքով։

«Անվտանգության նկատառումներից ելնելով` որոշում է կայացվել հանքավայրի աշխատանքները դադարեցնելու մասին»,- ասել են ընկերությունից։

Ապրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի: Ապրիլի 17-ի ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Ապրիլի 15-ին Գեղարքունիքի մարզում Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է ադրբեջանական կողմից հնչող կրակոցների պատճառով։ Այդ մասին հայտնել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը։ Ադրբեջանցիների հրահրած փոխհրաձգության հետևանքով Սոթքի ոսկու հանքի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել էր նաև ապրիլի 11–ին, աշխատակիցներին ստիպված տարհանել էին: