Հայաստանի կառավարությունը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի հետ տարբեր ուղղություններով տարվող բանակցությունների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում կառավարության համար առանցքային է ՀՀ-ի 29,800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը։
ՀՀ կառավարության ծրագրի 2022-ի կատարման վերաբերյալ զեկույցում ասվում է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը տեղի է ունեցել հետևյալ հիմնական ուղղություններով՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր, ԼՂ հիմնախնդրի կարգավորում, տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիաների ապաշրջափակում, սահմանազատում և անվտանգություն, հումանիտար հարցեր:
Նշվում է, որ այս հարցերի քննարկման համար ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ տեղի է ունեցել 3 եռակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ (2022-ի ապրիլի 6-ին, մայիսի 22-ին և օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում), 2 քառակողմ հանդիպում Եվրոպական խորհրդի նախագահի և Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ (որոնցից մեկը՝ հեռավար, մյուսը՝ Պրահայում՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին) և 1 եռակողմ հանդիպում ՌԴ նախագահի միջնորդությամբ (2022-ի հոկտեմբերի 31-ին Սոչիում)։ 2023-ի փետրվարի 18-ին Մյունխենում ևս 1 եռակողմ հանդիպում է տեղի ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ: ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը ԱՄՆ և ԵՄ միջնորդությամբ հանդիպել են 4 անգամ, ՀՀ և Ադրբեջանի գլխավոր դատախազները ՌԴ միջնորդությամբ հանդիպել են երկու անգամ, ՀՀ և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ՌԴ, ԱՄՆ և այլ գործընկերների միջնորդությամբ հանդիպել են 6 անգամ:
«Տեղի է ունեցել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի վրա աշխատանքի երեք շրջափուլ, որի ընթացքում Հայաստանն ու Ադրբեջանը փոխանակել են դիտարկումներ և առաջարկություններ: ՀՀ-ն իր դիտարկումներն ու առաջարկություններն ադրբեջանական կողմին է փոխանցել 2023 թվականի փետրվարի 14-ին: ՀՀ-ի համար ընդունելի է այն մոտեցումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը կարող է առանձնացվել ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման գործընթացից՝ այն տրամաբանությամբ, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների միջազգային մեխանիզմ կձևավորվի: ՀՀ-ի համար էական է ԼՂ հայության անվտանգության և իրավունքների հասցեագրման երաշխավորված մեխանիզմների ձևավորումը, որը կունենա միջազգային տեսանելիություն և ներգրավվածություն:
Հայաստան-Ադրբեջան պայմանագրի համատեքստում ՀՀ կառավարության համար առանցքային են ՀՀ-ի 29,800 քառակուսի կիլոմետր տարածքի անվտանգության երաշխիքների ձևավորումը, պայմանագրի տեքստի շուրջ հնարավոր տարընթերցումների և վեճերի կարգավորման գործնական մեխանիզմի ձևավորումը»,- ասվում է զեկույցում:
Նշվում է նաև, որ 2022-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ ստեղծվել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովը, որից հետո տարվա ընթացքում տեղի է ունեցել ՀՀ և Ադրբեջանի իջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի ու ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի երեք համատեղ հանդիպում: 2023-ի փետրվարի 17-ին ՀՀ-ն դիվանագիտական խողովակներով Ադրբեջանին է փոխանցել ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու ՀՀ միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նիստերի ու համատեղ աշխատանքային հանդիպումների կազմակերպման և անցկացման աշխատակարգի հերթական նախագիծը:
Նշվում է, որ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունների ուժով Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը՝ ճանաչելու միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ՄԱԿ-ի կանոնադրության և 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի դրույթների համաձայն։ Սոչիի հայտարարությամբ կողմերը հստակ պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը՝ բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելով։
«2022-ին տեղի է ունեցել ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ տարածաշրջանային տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի երկու նիստ (ստեղծման օրվանից ի վեր տեղի է ունեցել 11 նիստ): Ապաշրջափակման թեման պարբերաբար քննարկվել է նաև այլ ձևաչափերում: ՀՀ-ն հետաքրքրված է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ և պատրաստ է օր առաջ իրագործել այն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ «Հայկական խաչմերուկ» նախագծի շրջանակներում: Բեռների, ապրանքների և քաղաքացիների շարժի նոր հնարավորություններն ակնհայտորեն կմեծացնեն «Հայկական խաչմերուկի» գրավչությունը միջազգային և տարածաշրջանային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների համար՝ էականորեն ընդգծելով Հայաստանի չիրացված լոգիստիկ դերը տարածաշրջանում, ինչն իր հերթին նաև հավելյալ անվտանգության և կայունության երաշխիքներ կապահովի:
ՀՀ վարչապետի որոշմամբ 2022-ի հունվարի 14-ին տրանսպորտային ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որին ներգրավվել են նաև միջազգային բարձրակարգ փորձագետներ»,-ասվում է զեկույցում:
Նշվում է, որ չհասցեագրված են մնում նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա մի շարք հումանիտար հարցերի շուրջ պայմանավորվածություններ:
«Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ: ՀՀ-ն բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացիների և նրանց վերադարձի խնդիրը: 2022-ի ընթացքում հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում կարևոր է մնում նաև անհետ կորած անձանց հարցը: Հայկական կողմից 975 քաղաքացու գտնվելու վայրն անհայտ է համարվում, որոնցից 777-ը՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի, 196-ը՝ 44-օրյա պատերազմի, 2-ը՝ սեպտեմբերյան ագրեսիայի հետևանքով: ՀՀ-ն միջազգային դատական և դիվանագիտական ատյաններում հետևողականորեն բարձրացնում է բռնի անհետացումների, ինչպես նաև գերիների խոշտանգման և զոհված զինծառայողների դիակների խոշտանգման և անարգման հարցերը:
2022-ին ՀՀ-ն Ադրբեջանին է վերադարձրել ենթադրաբար անհետ կորած համարվող ադրբեջանցիների 35 ոսկոր և մարմինների գտնվելու հնարավոր վայրերի երեք քարտեզ:
2022-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող երկու ամսվա ընթացքում կատարված մարդու իրավունքների զանգվածային խախտումների, ներառյալ կյանքի իրավունքի, խոշտանգման և վատ վերաբերմունքի արգելքի, անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի և մի շարք այլ իրավունքների խախտումների վերաբերյալ, գերեվարված անձանց նկատմամբ տեղի ունեցած ապօրինի դատավարությունների հետևանքով իրավունքների խախտումների, ներառյալ ազատությունից ապօրինի զրկելու վերաբերյալ, Հայաստանի ինքնիշխան տարածքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացիայի հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղում՝ Փարուխի և Քարագլխի դեպքերի և Լաչինի միջանցքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ։
2022-ին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան է ներկայացրել գանգատ՝ «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի կիրառման վերաբերյալ: Գանգատը վերաբերում է ռասայական խտրականության բոլոր դրսևորումներին՝ ատելության և հակահայկականության քարոզ, ներառյալ պաշտոնատար անձանց կողմից, հայկական մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանության հարց, պատմության կեղծում, կրթական հաստատություններում հակահայկականության հետևողական քարոզ, էթնիկ զտում, էթնիկ ատելության հիմքով խոշտանգումներ և վատ վերաբերմունքի դեպքեր, էթնիկ ատելության հիմքով սպանություններ, գլխատումներ և շատ այլ խախտումներ, որոնց կատարման մոտիվն էթնիկ հայերի նկատմամբ ատելությունն է։ Սկզբնական հայցը ներկայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին, ամբողջական հայցը ներկայացվել է 2023 թվականի հունվարի 23-ին: Դատական ատյաններում բոլոր միջպետական գանգատներով Հայաստանի կողմից բարձրացվել են և բարձրացվելու են գույքային և ոչ գույքային վնասների հատուցման պահանջներ»,-ասվում է զեկույցում։