Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԺ–ում ապրիլի 18–ին արված հայտարարությանը, նշել է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե իրավական առումով, թե փաստացի երբեք Ադրբեջանի Հանրապետության կազմում չի եղել:
Փաշինյանն ԱԺ-ում ասել է, որ «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»։
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը, ի արձագանք Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ-ում հնչեցրած մոտեցումների, hայտարարել է՝
«1. Հայաստանի Հանրապետությունը երբեք տարածքային նկրտումներ չի ունեցել Ադրբեջանական Հանրապետության նկատմամբ և երբեք նրա տարածքային ամբողջականությունը հարցականի տակ չի դրել:
2. Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության տարածքում այդ պահին գործող ԽՍՀՄ օրենսդրության համաձայն ստեղծվել է 2 պետություն՝ Ադրբեջանական Հանրապետություն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:
3. «Պետական անկախության մասին» Ադրբեջանական Հանրապետության Սահմանադրական ակտով Ադրբեջանական Հանրապետությունը չի հանդիսանում Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության իրավահաջորդը:
4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը թե՛ իրավական առումով, թե՛ փաստացի երբեք Ադրբեջանական Հանրապետության կազմում չի եղել:
5. 1991 թվականի դեկտեմբերի 21-ի Ալմաթայի հռչակագրով Հայաստանի Հանրապետությունը միացել է 1991 թվականի դեկտեմբերի 8-ի ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագրին, որը ՝
-պարունակում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքների մասին դրույթ:
-ՀՀ Գերագույն Խորհրդի կողմից վավերացվել է վերապահումներով, որոնք վերաբերում են ժողովրդի ինքնորոշման իրավունքին:
-չի կարող հիմք հանդիսանալ Ադրբեջանական Հանրապետության սահմաններն Ադրբեջանական Սովետական Սոցիալիստական Հանրապետության սահմաններում ճանաչելու համար:
6. Տարածքային ամբողջականությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Արցախյան հիմնախնդրի կարգավորման առաջարկված, բազմիցս արձանագրված հիմնարար սկզբունքներից մեկն է՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման հետ մեկտեղ, այնինչ այս ընթացքում միջազգային հանրության կողմից առաջարկված խաղաղ կարգավորման գործընթացը ոտնահարվել է՝
-Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ ուժի կիրառմամբ՝ 44-օրյա պատերազմով:
-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտմամբ:
-Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անտեսմամբ՝ ներկայիս բանակցային գործընթացում:
7. Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում հայաստանա-ադրբեջանական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի խնդրից Ադրբեջանի հարկադրանքով տարանջատելը, Արցախի Հանրապետությանը միայնակ թողնելն ու նրա անվտանգության երաշխավորի պարտականությունից հրաժարվելը անթույլատրելի, դավաճանությանը հավասարազոր քայլ է, ինչի մասին քանիցս զգուշացրել ենք»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Ադրբեջանական Հանրապետության տարածքային ամբողջականության ընդունումը չի կարող հակասել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի երաշխավորման, իրացման և ընթացող բանակցություններում փաստաթղթավորված բովանդակությամբ արտահայտվելու հրամայականին»:
Փաշինյանն ապրիլի 18-ի իր ելույթում կրկին պնդել է, որ Մադրիդյան սկզբունքներով հայկական կողմը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս և որ «պետք է առերեսվել այս իրողության հետ»։