Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը BusinessFM-ին տված հարցազրույցում, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի հայտարարությունները, ասել է, որ դա ճանապարհ է, որը ոչ մի տեղ չի տանում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ տարածքային պահանջներ չունի Բաքվից՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ «կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ բնակության այլ վայր փնտրեն»:
«Ես ասել եմ և շարունակում եմ կրկնել, որ միակ ճանապարհը նորմալ բանակցություններն են, որտեղ Ադրբեջանը պետք է ճանաչի մյուս կողմին՝ Արցախի Հանրապետությունը, Արցախի ընտրված առաջնորդներին, և միջազգային հարթակում միջազգային ներկայացուցիչների մասնակցությամբ նորմալ բանակցություններ վարի՝ գիտակցելով, որ հակառակ պարագայում սա ճանապարհ է, որն իրեն ոչ մի տեղ չի տանելու»,-ասել է նա, հայտնում է Հանրային ռադիոն։
Վարդանյանը նաև նշել է, որ կարծում էր, թե «պարոն Ալիևը լավ խորհրդականներ ունի, բայց, ինչպես երևում է այս հայտարարություններից, նրանք անպիտան են»։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։