Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպան Նիլակշի Սահա Սինհայն ապրիլի 19-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
Հանդիպմանը Պապիկյանը բարձր է գնահատել Հայաստան-Հնդկաստան համագործակցության ներկա մակարդակը՝ նշելով, որ երկկողմ համագործակցությունը թևակոխել է զարգացման նոր փուլ:
Դեսպանը հայտնել է հնդկական կողմի՝ համագործակցության զարգացման պատրաստակամությունը:
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Փետրվարին աշխատանքային այցով Հնդկաստան մեկնած ՊՆ ղեկավարի տեղակալ Կարեն Բրուտյանը Հնդկաստանի պաշտպանության նախարար Շրի Ռաջնաթ Սինկհի հետ հանդիպմանը քննարկել էր համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Պապիկյանը Հնդկաստան էր այցելել 2022-ի հոկտեմբերին։
Ավելի վաղ հնդկական The Economic Times-ը գրել էր, որ Հայաստանը հրթիռներ, ռեակտիվ արկեր և զինամթերք կգնի Հնդկաստանից, զենքի արտահանման խոշոր պայմանագիր է կնքվել։ Նշվում էր, որ Հնդկաստանը Հայաստան կարտահանի նաև Pinaka համազարկային ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռներ։ Նշվում էր նաև, որ մատակարարումների արժեքը չի հրապարակվում, ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին ՀՀ կարտահանվի մոտ 240 մլն դոլարի զենք և զինամթերք։