20 ապրիլի 2023 - 17:46 AMT
Փաշինյանն ու Բոնոն քննարկել են Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ հանդիպմանը քննարկել է Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորման հարցը։

Քննարկվել են նաև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ԼՂ-ում ստեղծված հումանիտար ճգնաժամը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր:

Փաշինյանը կարևորել է ԱՄՆ վարչակազմի՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ուղղությամբ ներդրվող ջանքերը և ներկայացրել առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները:

Նիկոլ Փաշինյանն անթույլատրելի է համարել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ու ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմատենչ հռետորաբանությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 18-ի իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ տարածքային պահանջներ չունի Բաքվից՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ «կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ բնակության այլ վայր փնտրեն»: