ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ խորհրդի նիստից հետո հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու Ադրբեջանի որոշումը հակասում է Եվրամիության՝ տարածաշրջանում լարվածությունը նվազեցնելու կոչին:
«Մենք քննարկել ենք Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելու վերաբերյալ Ադրբեջանի միակողմանի որոշումը, որը հակասում է լարվածությունը նվազեցնելու մեր կոչերին»,- ասել է Բորելը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նա ընդգծել է, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանի տարածաշրջանում իրավիճակը կարգավորելու հարցում, և հավելել է, որ այդ նպատակով ԵՄ-ն առաքելություն է տեղակայել Հայաստանի տարածքում:
Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում և անցակետ է տեղադրել։ Այնուհետև Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ։