Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերմանական Gerkan, Marg and Partners ճարտարապետական կազմակերպության գործադիր ներկայացուցիչ Ստեֆան Շուտցի հետ Երևանում կայացած հանդիպմանը քննարկել է Ակադեմիական քաղաքի կառուցմանը և այդ գործում համագործակցությանը վերաբերող հարցեր:
Շուտցը նշել է, որ իր գործընկերների և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարարության ներկայացուցիչների հետ արդեն իսկ եղել է Ակադեմիական քաղաքի տարածքներում, կատարել անհրաժեշտ ուսումնասիրություններ: Միաժամանակ, նա անդրադարձել է իր ճարտարապետական նախագծերին՝ աշխարհի տարբեր երկրների քաղաքներում:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Ակադեմիական քաղաքի նախագիծը ՀՀ կառավարության և անձամբ իր համար ունի շատ կարևոր ու ռազմավարական նշանակություն, ուստի գործադիրը հետևողականորեն շարժվում է այն հաջողությամբ կյանքի կոչելու ճանապարհով:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Ակադեմիական քաղաքի կառուցման մաստեր պլանի մշակմանը, երեք կլաստերների ֆունկցիոնալության ապահովմանը, ենթակառուցվածքներին և այլ հարցերի:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել աշխատանքները ԿԳՄՍ-ի հետ՝ ըստ համապատասխան ժամանակացույցի:
Ակադեմիական քաղաքը նախատեսվում է կառուցել մինչև 2030 թվականը։ Ծրագիրը հաստատվել է կառավարության մարտի 16-ի նիստում։ Անդրեասյանը նշել է, որ կրթական զարգացման ծրագրի իրականացման արդյունքում ՀՀ 4 բուհ կներառվի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500–յակում։