Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՌԴ-ում առանձին հանդիպումներ է ունեցել ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանի և Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ օղլուի հետ։ Քննարկել է իրավիճակի զարգացումը Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղի շուրջ, հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Կողմերը վերահաստատել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Ռուսաստանի, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020-22 թվականների պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի խստիվ պահպանման կարևորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։