24 ապրիլի 2009 - 14:13 AMT
Խավիեր Սոլանա. Հայ-թուրքական համաձայնությունը լավ նորություն է ողջ Եվրոպայի համար
ԵՄ գերագույն հանձնակատար Խավիեր Սոլանան ողջունել է հարաբերությունների հաստատման վերաբերյալ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված համաձայնագիրը: Նրա խոսքերով, սա լավ նորություն է ինչպես երկու երկրների, այնպես էլ ընդհանուր առմամբ ողջ Եվրոպայի համար: «Սա շատ կարեւոր ներդրում է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատման գործում, եւ ես բարձր եմ գնահատում կողմերի խիզախությունն ու հեռատեսությունը»,-հայտարարել է Խավիեր Սոլանան:

2009 թվականի ապրիլի 22-ին Հայաստանը եւ Թուրքիան, Շվեյցարիայի միջնորդությամբ, ինտենսիվ աշխատանք են տարել, նպատակ ունենալով կարգավորել իրենց երկկողմ հարաբերությունները եւ զարգացնել դրանք փոխադարձ հարգանքի ու բարիդրացիության ոգով` այսպիսով խթանելով խաղաղությունը, կայունությունը եւ անվտանգությունը ողջ տարածաշրջանում: Այդ մասին ասվում է Հայաստանի Հանրապետության, Թուրքիայի Հանրապետության արտգործնախարարությունների եւ Շվեյցարիայի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի համատեղ հայտարարության մեջ:

Այդ գործընթացում երկու կողմերը ձեռք են բերել շոշափելի առաջընթաց եւ փոխըմբռնում: Նրանք համաձայնության են հանգել իրենց երկկողմ հարաբերությունների կարգավորման համապարփակ շրջանակի շուրջ երկու կողմերին գոհացնող կերպով: Այս համատեքստում սահմանվել է ճանապարհային քարտեզ: Այս համաձայնեցված հիմքերը դրական հեռանկար են ստեղծում գործընթացի շարունակման համար, հաղորդում է ՀՀ ԱԳՆ-ն: