ՀՀ քաղավիացիական ավիացիայի կոմիտեն թուրքական կողմից պաշտոնական հաղորդագրություն չի ստացել օդային տարածքի փակման մասին։ Այդ մասին հայտնել են Քաղավիացիայի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
Ապրիլի 29-ին Թուրքիան առանց նախապես տեղեկացնելու փակել էր իր օդային տարածքը հայկական FlyOne Armenia ավիաընկերության համար, Փարիզ–Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք էր կատարել Քիշնևում և միայն ապրիլի 30-ի գիշերն իջել «Զվարթնոց» օդանավակայանում։
Մայիսի 3-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիան Հայաստանի համար փակել է իր օդային տարածքը դեպի երրորդ երկրներ թռիչքների համար` այդ որոշումը բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։
Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է ապրիլի 25-ին Երևանի ավագանու որոշմամբ։ Բացմանը մասնակցել և ելույթ է ունեցել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Կոթողը տեղադրելու որոշումը կայացվել էր 2021 թվականի սեպտեմբերի 14-ին Երևանի ավագանու նիստում:
«Նեմեսիսի» նպատակն էր պատժել 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած եւ իրականացրած երիտթուրքերի պարագլուխներին, ինչպես նաեւ 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներին: Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության պարտությունից հետո նոր կառավարությունը, դաշնակիցների պնդմամբ, որոշեց դատական պատասխանատվության ենթարկել երիտթուրքական կառավարությանը Օսմանյան կայսրությանը պատերազմի մեջ ներքաշելու և հայերի տեղահանությունն ու կոտորածը կազմակերպելու համար։ 1918թ. դեկտեմբերի 16-ին նրանց դեմ սկսված դատավարությունում 31 մեղադրյալներից Թալեաթը, Էնվերը, Նազըմը և Ջեմալը դատապարտվեցին մահվան։ Սակայն նրանք փախան Գերմանիա։