Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, հայտնում է Interfax.az-ը։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել է օպերատիվ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, որտեղ «ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»։
Ապրիլի 28-ին Լենցովին ընդունել էր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Կողմերը քննարկել էին Լեռնային Ղարաբաղում օպերատիվ իրավիճակը և առկա խնդիրները խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետության բարձրացմանն ուղղված մի շարք հարցեր։ Հայաստանի պաշտպանության նախարարն ընդգծել էր նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերի խստիվ իրականացման անհրաժեշտությունը և նշել Լաչինի միջանցքի արագ ապաշրջափակմանն ուղղված ջանքերի կարևորությունը։
Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։