Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել «Պոլիգրաֆ» ակումբում ոստիկանների գործողությունների իրավաչափությունը պարզելու հարցով։ Վարույթը նախաձեռնվել է երկու օր առաջ, երբ դատախազությունը ստացված ահազանգերը փոխանցել է իրենց, հայտնում է «Ազատությունը»։
Ավելի վաղ ոստիկանության մեծաթիվ աշխատակիցներ, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում, ուժի կիրառմամբ, խուզարկություն էին կատարել «Պոլիգրաֆ» գիշերային ակումբում։ Բաժին տարված 41 քաղաքացիներից 4-ը ձերբակալվել էր։ Իրավապահները հայտնել են, որ ակումբում ապօրինի իրացվել են «Մեթամֆետամին», «Էքստազի», «LSD» և այլ տեսակի թմրամիջոցներ ու հայտնաբերվել փաթեթավորված տարբեր անհայտ զանգվածներ։
Դեպքից հետո հասարակական կազմակերպությունները հայտարարել էին՝ ոստիկաններն անհամաչափ ուժ են կիրառել ակումբի այցելուների նկատմամբ, ոչ իրավաչափ գործողություններ իրականացրել։
Ներքին գործերի նախարարությունում ծառայողական քննություն էր սկսվել, պարզելու՝ որքանո՞վ է իրավաչափ եղել ոստիկանների գործողությունները, բայց քանի որ Քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել, դադարեցրել են դա։ Այդ մասին մայիսի 3-ին ԱԺ-ում հայտարարել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։