«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին կրակած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ, հայտնում է ոստիկանությունը։
Մայիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցի կրթահամալիրի պատուհանին կրակոցի հետքեր կան:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել է կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200,000 դրամի վնաս:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Բաբաջանյան փողոցի 17-ամյա բնակիչը: Նա մայիսի 4-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: