6 մայիսի 2023 - 15:58 AMT
Բաքուն հայտարարել է Հադրութի «աղվանական» եկեղեցու «վերանորոգման» մասին

Բաքուն հայտարարել է Հադրութի եկեղեցու «վերանորոգման» մասին՝ այն անվանելով Կովկասյան Աղվանքի «պատմամշակութային ժառանգություն։

Նշվում է, որ «վերանորոգվելու» է նաև եկեղեցուն կից 3 կառույցը, իսկ տարածքը բարեկարգվելու է, հայտնում է ադրբեջանական APA-ն։

Նշվում է, որ «վերականգնողական» աշխատանքները հիմք են ծառայելու Հադրութի մյուս պատմական կառույցների «վերականգնման» համար։

Մայիսի 5-ին Հադրութ էր այցելել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որը 2022-ին Հադրութի շրջանում գտնվող Սուրբ Աստվածածին եկեղեցի այցի ընթացքում հորդորել էր ջնջել հայկական արձանագրությունները՝ չթաքցնելով հայկական մշակութային ժառանգության դեմ Ադրբեջանի որդեգրած քաղաքականության բուն էությունը. այն է ոչնչացում, ձևափոխում և յուրացում։

2022-ի ապրիլին հայտնի դարձավ, որ հանել են Հադրութի Սուրբ Հարություն եկեղեցու խաչը։ Պատերազմից առաջ Սուրբ Հարությունը գործող եկեղեցի էր, պատերազմի ընթացքում չի տուժել։

Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ Ադրբեջանում ստեղծվում է «աշխատանքային խումբ», որի նպատակն Արցախի բռնազավթված հուշարձաններից հայերեն արձանագրությունների և հայկական հետքի վերացումն է։

Պատերազմից հետո նույն կերպ Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային վանդալիզմ զոհ են դառնում բոլոր հայկական մշակութային կոթողները։

Ադրբեջանցիները հանել են նաև Հադրութում գտնվող Սպիտակ խաչ եկեղեցու խաչը, Սուրբ Ղազանչեցոց տաճարի գմբեթը, պղծել Թալիշի եկեղեցին, գրեթե ավերել Շուշի Կանաչ ժամ, Մեխակավանի Սուրբ Աստվածածին եկեղեցիները։