10 մայիսի 2023 - 10:45 AMT
Գրիգորյանը՝ բանակցությունների մասին․ Քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչ մի բան համաձայնեցված չէ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 9-ին «Հաղթանակի» զբոսայգում, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների վաշինգտոնյան հանդիպմանը, ասել է, որ բանակցություններում հայտնի սկզբունք կա՝ քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ, ոչ մի բան էլ համաձայնեցված չէ։

«Կարծում եմ՝ այս բանակցություններին այդ տեսանկյունից պետք է մոտենանք, որովհետև բանակցային գործընթաց է, և պետք է հասկանանք, որ, այո՛, կարող է որոշ հարցերում եղել են առաջընթացներ, որոնք ամենահիմնարարը չեն», - ասել է Գրիգորյանը, հայտնում է Aysor.am-ը։

Նա նշել է, թե մայիսի 14-ին Բրյուսելում հանդիպում է լինելու Փաշինյանի և Ալիևի միջև, այնուհետև այդ հանդիպումը շարունակվելու է Քիշնևում:

«Դրան միանալու են նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Շոլցը։ Կարծում եմ՝ կփորձենք աշխատել այն ուղղությամբ, որպեսզի հնարավորինս մոտարկենք մոտեցումները և առաջ շարժվենք»,-ասել է նա։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը հաստատել է, որ մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։

Այդ հանդիպմանը կհաջորդի հունիսի 1-ին կայանալիք հնգակողմ հանդիպումը Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ: