Ժամը 10:25-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ լարվածության նվազումը պահպանվում է: Նույն ժամի դրությամբ սահմանագոտու մյուս հատվածներում հարաբերականորեն կայուն է, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 վիրավոր: Նրանցից 2-ի վիճակը գնահատվում է բավարար, 2-ինը՝ միջին ծանրության: Վիրավորում ստացած զինծառայողների կյանքին այս պահի դրությամբ վտանգ չի սպառնում:
Մայիսի 11-ին՝ ժամը 06:00-ից, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնում է պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել նաև վիրավորում ստացած զինծառայողին տեղափոխող շտապօգնության մեքենայի ուղղությամբ:
ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ:Սահմանագոտու մյուս հատվածներում այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է:
Մայիսի 14-ին Բրյուսելում նախատեսված է Շառլ Միշելի և Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։
Մայիսի 19-ին Մոսկվայում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը։
Հունիսի 1-ին Մոլդովայում՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում, տեղի կունենա հնգակողմ հանդիպում՝ Միշելին, Միրզոյանին և Բայրամովին կմիանան Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: