ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության աջակցման հարցը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Այսօր գերազանց զրույց եմ ունեցել Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ՝ քննարկելու համար աջակցությունը Ուկրաինային, խաղաղությանը Հարավային Կովկասում և մեր անդրատլանտյան համագործակցությունը»,-ասվում է գրառման մեջ։
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մայիսի 1-4-ն Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ եռակողմ բանակցությունների ամփոփիչ ելույթում ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև համաձայնությունը տեսանելի է և գտնվում է հասանելիության սահմաններում։ Նա նշել է, որ կողմերը քննարկել են մի շարք ծանր հարցեր և շոշափելի առաջընթաց գրանցել կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու հարցում։
Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցություններում «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միևնույն ժամանակ արձանագրելով, որ «մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: