11 մայիսի 2023 - 11:27 AMT
ԱՄՆ Սենատի հանձնաժողով․ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ պետք է կիրառվեն

ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հայտարարել է, որ Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ հարկավոր է պատժամիջոցներ կիրառել, մինչ Վաշինգտոնը ճնշում է գործադրում Բաքվի վրա Լաչինի միջանցքը բացելու հարցում, հայտնում է Արմենպրեսը։

«Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և անջատում կարևոր ենթակառուցվածքների էլեկտրաէներգիան: Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցները պետք է դրված լինեն սեղանին, մինչ մենք ճնշում ենք գործադրում Լաչինի միջանցքը բացելու համար», - նշված է հանձնաժողովի Twitter-ի էջում հրապարակված գրառման մեջ:

Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գրառմանը կցել է հաղորդագրություն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղն արդեն 5 ամիս գտնվում է շրջափակման մեջ, գազի և էլեկտրաէներգիայի անջատումները շարունակվում են, իսկ տարածաշրջանի ամենամեծ ջրամբարի պաշարները սպառվում են, ինչը սպառնում է տարածաշրջանը թողնել առանց հիդրոէլեկտրակայանի:

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: