24 ապրիլի 2009 - 19:07 AMT
Ժիրինովսկի. Հայերն ապրում են իրենց հողում, իսկ թուրքերը թող գնան Միջին Ասիա, որտեղից եկել են
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ցույց. մինչ այժմ Մոսկվայի հայ համայնքը բազմամարդ ցերեկային պիկետներ էր անցկացնում թուրքական դեսպանատան մոտ: Այս անգամ ոչ մեծ պիկետ տեղի ունեցավ առավոտյան, իսկ հիմնական միջոցառումը դարձավ ցույցը քաղաքի կենտրոնում:

Ցույցն առաջնորդում էր հասարակական գործիչ, գեներալ Ռոման Հարությունովը: Բացի հայ համայնքի ղեկավարներից 20-րդ դարի մեծագույն հանցագործություններից մեկը դատապարտող ելույթներով հանդես եկան հունական, հրեական, քրդական սփյուռքերի ներկայացուցիչները: Հայկական կողմից ելույթ ունեցան Յուրի Նավոյանը («Հայ- ռուսական համագործակցություն» կազմակերպության ղեկավար), Գեղամ Խալաթյանը (Ռուսաստանի Հայերի Միության Մոսկովյան բաժանմունքի ղեկավար) եւ Վարդան Մուշեղյանը (Ռուսաստանի Սփյուռքերի Միության ղեկավար):

Ցույցին մասնակցում էր շուրջ 700 մարդ, իրավապաշտպան մարմիններն իրենց քաղաքավարի էին պահում, ոչնչին չէին խառնվում:

Եզրափակիչ խոսքը տվեցին ՌԴ Պետդումայի փոխխոսնակ Վլադիմիր Ժիրինովսկուն: Քաղաքական գործիչը խոսեց պատմական արդարության վերականգնման, Հայաստանի սահմանների վերականգնման, Արարատի վերադարձի եւ ռուս-հայկական բարեկամության մասին: «Հայերն ապրում են իրենց հողում, իսկ թուրքերը եկել են Միջին Ասիայից, ուրեմն թող այնտեղ էլ գնան: Ես համոզված եմ, որ հաջորդ տարի ցույցը տեղի կունենա Մանեժային հրապարակում»,- հայտարարել է Վլադիմիր Ժիրինովսկին, հաղորդում է PanARMENIAN.Net-ի սեփական թղթակիցը Մոսկվայից: