24 ապրիլի 2009 - 19:50 AMT
Սերժ Սարգսյան. ԱՊՀ-ն չի սպառել իր ռեսուրսները
ԱՊՀ-ն չի սպառել իր ռեսուրսները: Այդ մասին հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Russia Today ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Յուրաքանչյուր կազմակերպություն կարող է լինել այնպիսին, ինչպիսին նրան ուզում են տեսնել անդամ պետությունները: Մենք 70 տարի ապրել ենք մեկ պետության կազմում, իսկ շատ երկրներ մինչ այդ տասնամյակներով եղել են Ռուսական կայսրության կազմում: Միանգամից այդ կապերը կտրելը չեմ կարծում, որ ճիշտ եւ արդյունավետ կլիներ»,- նշել է Հայաստանի նախագահը: Սերժ Սարգսյանի խոսքերով, տասնամյակների եւ հարյուրամյակների ընթացքում ձեւավորվել են բազմապիսի կապեր, որոնք միայն օգտակար կարող են լինել: «Իհարկե, այստեղ շատ բան կախված է Ռուսաստանից: Եթե Ռուսաստանում կարծում են, որ ԱՊՀ-ն անհրաժեշտ եւ կարեւոր կառույց է, ապա այդ դեպքում ԱՊՀ-ի ռեսուրսներն անկասկած մեծանում են»,- հայտարարել է Հայաստանի նախագահը: