19 մայիսի 2023 - 17:50 AMT
Լավրով․ ՌԴ-ն ամեն կերպ նպաստելու է, որ Հարավային Կովկասում կայունացմանն ուղղված պայմանավորվածությունները կատարվեն

Մոսկվան ամեն կերպ նպաստելու է, որ Հարավային Կովկասում կայունացմանն ուղղված պայմանավորվածությունները կատարվեն։ Այդ մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանիօ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ եռակողմ բանակցություններում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք ամեն կերպ նպաստելու ենք, որ Հարավային Կովկասում կայունացմանն առնչվող որոշումները կատարվեն։ Հուսով ենք, որ դրանք կհարգեն նաև այլ երկրները, որոնք այս կամ այն կերպ շահագրգռված են ներկայություն ունենալու այդ տարածաշրջանում»,-ասել է Լավրովը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: