23 մայիսի 2023 - 14:12 AMT
Քոչարյանը՝ Արցախի ԱԺ-ին․ ՀՀ իշխանություններին գոհացնելու ձգտմամբ թույլ տվեցիք, որ ԱՀ ճակատագիրը որոշվի առանց ձեզ

ՀՀ երրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է Արցախի Հանրապետության ԱԺ հայտարարությանը, որտեղ կոչ էր արվում ՀՀ և ԱՀ նախագահներին իրենց դիրքորոշումը հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ, որով նա Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել։

«Դիմում ենք ՀՀ և ԱՀ նախկին ու գործող նախագահներին՝ կոչ անելով դատապարտել Նիկոլ Փաշինյանի 2023 թ. մայիսի 22-ի արած հայտարարությունները։ Այլապես, ձեր լռությունը կդիտարկենք որպես Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ համաձայնության նշան»,- ասված է ԱՀ ԱԺ հայտարարության մեջ։

Նա նշել է, որ Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնությունն իր հնազանդությամբ և ՀՀ իշխանություններին գոհացնելու ձգտմամբ թույլ տվեց, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց իր մասնակցության։

«Արցախի ԱԺ խորհրդարանական մեծամասնությանը․

Նախագահներին ուղղված վերջնագրային պահանջները իմ մասով համարում եմ անտեղի և վիրավորական: Դուք միայն նո՞ր հասկացաք, թե ինչ է կատարվում։ Դուք այդքան նաի՞վ եք։

Նույնիսկ մեծ ցանկության դեպքում անհնար էր չտեսնել, որ վերջին երկու տարին Արցախի բացահայտ հանձնում է տեղի ունենում: Մենք դրա մասին խոսել ենք հանրային և բոլոր առիթներով:

Արցախի ԱԺ-ն իր մեծամասնությամբ (բացառությամբ 4 պատգամավորի), իրենց առաջնորդներով որևէ կերպ չի արձագանքել մեր զգուշացումներին: Դուք սատարեցիք Հայաստանի իշխանություններին 2021 թվականի ընտրությունների ժամանակ: Դուք «չնկատեցիք» նախորդ տարվա ապրիլ-մայիսին Երևանում տեղի ունեցող զանգվածային բողոքի ցույցերը:

Ձեր հնազանդությամբ և Հայաստանի իշխանություններին գոհացնելու ձգտմամբ դուք թույլ տվեցիք, որ Արցախի ճակատագիրը որոշվի առանց ձեր մասնակցության: Այնպես որ, չհամարձակվեք պատասխանատվությունը հիվանդ գլխից բարդել առողջի վրա: Եվ հաստատ՝ դուք չէ, որ կարող եք դատողություն անել իմ հայրենասիրության մակարդակի մասին: Իմ մոտեցումները չեն փոխվել՝ Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։