23 մայիսի 2023 - 14:49 AMT
Քրիստոսի արձանը թույլ չեն տվել Հատիսի գագաթին կանգնեցնել․ Այն կառուցվում է և կբացվի, հավանաբար, 2024-ին

Քրիստոսի արձանը թույլ չեն տվել կանգնեցնել Հատիս լեռան գագաթին։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է նախաձեռնության հեղինակ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը` անդրադառնալով կառուցման աշխատանքներին։

«Այն պատմամշակութային վայր է։ 4000 տարի առաջ այնտեղ ամրոց է եղել։ Ես էլ գումար եմ փոխանցել, որ ամրոցը վերականգնեն, այդ արձանն էլ կողքը կլինի, որ մարդիկ գան, տեսնեն»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։

ԲՀԿ առաջնորդը նաև հայտնեց, որ Հիսուս Քրիստոսի արձանի 18 մետրն արդեն կառուցված է, ամենայն հավանականությամբ 2024 թվականին արձանի բացումը կլինի։

«Այժմ թղթաբանության հարցերն են կարգավորվում, թույլտվության հարցով զբաղվում ենք»,- նշել է Ծառուկյանը։

Ծառուկյանը Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին տեղեկացրել էր 2022-ի 14-ին։ Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես եկավ հայտարարությամբ` հորդորելով զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Սակայն շարունակեց նախագծի իրագործումը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին կառավարության նիստում հայտարարեց, որ դեմ չեն Հատիս լեռան վրա Քրիստոսի արձանը կանգնեցնելու նախաձեռնությանը:

ԿԳՍՄՆ-ն հայտարարել էր, որ, ընդունելի համարելով Հիսուս Քրիստոս մոնումենտալ արձանի գաղափարը, պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, որը հակասում է գործող օրենսդրությանը և կարգերին։