26 մայիսի 2023 - 14:57 AMT
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկել են հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման ընթացքը

Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվել են ՀՀ ԶՈւ կառուցվածքի հիմնական ուղղությունները, առկա խնդիրներն ու լուծման ուղիները։

Անդրադարձ է կատարվել ինժեներական և ամրաշինական կառույցների կահավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, հատուկ նշանակության նոր ստորաբաժանումների կազմավորման և համալրման գործընթացին, ինչպես նաև առաջիկա օրերին մեկնարկող զինծառայողների ատեստավորման քննություններին:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ այն բոլոր ծրագրերն ու առաջնահերթ անելիքները, որոնք որդեգրել է պաշտպանական գերատեսչությունը, պետք է իրականացվեն պատշաճ, որակով և սահմանված ժամկետում։

Հնչել են զեկույցներ, ըստ ուղղությունների ներկայացվել են մանրամասներ՝ ընթացող և կատարված աշխատանքների վերաբերյալ։

Նիստի ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ և ցուցումներ է տվել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին: