26 մայիսի 2023 - 17:47 AMT
Երևանում պարեկները ծառայության են դուրս գալիս նաև սեգվեյներով, մոտոցիկլետներով և էլեկտրամոբիլներով

Երևանում պարեկները շուրջօրյա ծառայությունն արդեն իրականացնում են նաև տեխնիկական նոր միջոցներով՝ էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ։

Ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել և օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։ Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը, հայտնում է ոստիկանությունը։

Դրան զուգահեռ պարեկները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովում են նաև մոտոցիկլետներով և էլեկտրամոբիլներով։ Հատկապես երթևեկության ծանրաբեռնվածության պայմաններում մոտոցիկլետների կիրառումը, շնորհիվ փոքր չափերի և հարմարավետության, լուծում է իրավիճակային խնդիրներ։