26 մայիսի 2023 - 17:58 AMT
Ալեն Սիմոնյանը՝ շրջանավարտներին․ Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձ է հղել Վերջին դասի առթիվ՝ նշելով, որ խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա։

«Շնորհավորում եմ Վերջին դասի առթիվ` մաղթելով բարձր առաջադիմություն ուսման շարունակության մեջ:

Այնքան էլ շատ չի անցել այն օրից, երբ Վերջին դասը Վերջին զանգ էր կոչվում, իսկ շրջանավարտ էին համարվում միայն տասներորդցիները: Այդ տարիներին Վերջին զանգն անցնում էր մեծ աշխուժությամբ և ոգևորում էր անգամ նրանց, որոնք կապ չունեին ավարտական երեկոյի հետ: Այսօր ավելի զուսպ ու համեստ է նշվում օրը, սակայն նույնն են ուսուցիչներին նվիրված մաղթանքներն ու շրջանավարտների ծնողների հույզերը: Ժամանակակից աշխարհն առաջին հերթին մրցունակություն է պահանջում, և յուրաքանչյուր ծնողի նվիրական երազանքն է դպրոցն ավարտող երեխային տեսնել որևէ հայտնի բուհի ուսանող կամ հմուտ մասնագետ՝ պայծառ ապագայի բոլոր երաշխիքներով:

Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացեք, որ ամեն ինչ ձեր ձեռքերում է:

Խելացի մարդիկ սովորում են ուրիշների սխալների վրա. նոր կյանքի ճանապարհին դուք նման օրինակների պակաս չեք ունենա: Փորձեք ձևավորել ձեր ես-ը, փորձեք դառնալ ձեր լավագույն տարբերակը և չծուլանալ: Իսկ այսօր վայելեք ձեզ լիարժեքորեն պատկանող օրը, որովհետև վաղվանից ավարտական քննությունների եք պատրաստվելու:

Լուսավոր ապագա եմ մաղթում ձեզ, միշտ սիրով հիշեք ձեր ուսուցիչներին, որոնց շնորհիվ դարձել եք գրագետ, ու ջերմորեն հիշեք դպրոցական տարիները, որովհետև մի օր հաստատ պարզվում է, որ դրանք ամենաանհոգն էին:

Բարի երթ և հաջողությամբ հաղթահարված քննաշրջան եմ մաղթում»,-ասվում է ուղերձում։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: