26 մայիսի 2023 - 18:44 AMT
Շրջափակման հետևանքով Արցախում շինարարության ծավալը նվազել 83.9 %-ով

2023 թ․առաջին եռամսյակում Արցախում իրականացվել է 1․9 մլրդ դրամի շինարարություն՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 83.9 տոկոսով: Այդ մասին հայտարարել է Արցախի Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Մանուշ Մինասյանը՝ ամփոփելով Հանրապետությունում ընթացիկ տարվա հունվար-մարտ ամիսների սոցիալ-տնտեսական վիճակի ցուցանիշները:

Նրա խոսքով՝ իրականացված շինարարության ծավալում շինմոնտաժային աշխատանքները կազմել են ընդհանուրի 96․6 տոկոսը, հայտնում է Արցախպրեսը։

Ըստ ֆինանսավորման աղբյուրների՝ խիստ նվազել է կազմակերպությունների, մարդասիրական օգնության, համայնքային ու պետական բյուջեի և այլ միջոցների և հակառակը՝ 9.1 տոկոսով աճել բնակչության միջոցների հաշվին կատարված շինարարությունը:

ԱՎԾ նախագահի տեղեկատվությամբ՝ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 75․1%-ը կատարվել է պետական բյուջեի, 14․5%-ը` բնակչության, 5․5%-ը՝ մարդասիրական օգնության, 3․9%-ը՝ կազմակերպությունների միջոցներով:

«Հանրապետությունում իրականացված շինարարության 42․5%-ը բաժին է ընկել անշարժ գույքի հետ կապված գործունեությանը, 41 %-ը փոխադրումներ և պահեստային տնտեսությանը, 5․7%-ը մեծածախ և մանրածախ առևտրի, ավտոմեքենաների և մոտոցիկլների նորոգմանը, 3․6%-ը` մշակույթի, զվարճությունների և հանգստի ոլորտին: Տարածքային առումով հաշվետու ժամանակաշրջանում իրականացված շինարարության 40 %-ը բաժին է ընկել մայրաքաղաքին, 31․4%-ը՝ Մարտունու, 26․9%-ը՝ Ասկերանի, 1․7%-ը՝ Մարտակերտի շրջաններին»,-ընդհանրացրել է Մինասյանը։

Ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: