26 մայիսի 2023 - 18:45 AMT
Րաֆֆի Հովհաննիսյան․ Վերջին Հանրապետության կորստի նախաշեմին ենք

«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն ասուլիսում հայտարարել է, որ Սարդարապատից 105 տարի անց կանգնած ենք վերջին Հանրապետության կորստի նախաշեմին, «եթե շարունակենք այս նույն ընթացքով գնալ»։

«105 տարի առաջ այս օրը Սարդարապատում և հարակից ճակատներում վճռվեց մեր ճակատագիրը և մեր ժողովուրդը Մեծ եղեռնի և հայրենազրկումի վերջին արարից երեք տարի անց, միասնական պայքարի միջոցով, բոլոր կուսակցությունները, շինական, հոգևորական, ոտաբոբիկ գյուղացի, մտավորական , գեներալ և շարքային զինվոր կարողացան թշնամուն կանգնեցնել Մայր Աթոռից և Երևանից ոչ շատ հեռու և ապահովելով մեր ժողովրդին վերջնական ոչնչացումից»,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։

Նրա խոսքով՝ այդ սերունդն 105 տարի առաջ ապահովեց պետության գոյությունը բազմահազարյա պետականության արևելյան ճակատում, որն այսօր փայփայում ու պահում ենք ամենադժվարին պայմաններում:

«Առաջին հանրապետության ժառանգության մեջ ենք ապրում և վերջին հանրապետության կորստի նախաշեմին ենք այսօր, եթե շարունակենք այս նույն ընթացքով գնալ»,-հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա ասել է, որ 5 տարի առաջ հայ ժողովուրդն ունեցել է արժանի վերելք, որը նախորդ ժամանակաշրջանի սխալների և արատներ հետևանք էր:

«Այդ պայքարը սեփականաշնորհվեց մի խմբակի, գործչի կողմից որը, պարզվեց, ուներ ծրագիր իշխանություն ունենալու, վայելելու և նաև նպատակներ իրագործելու։ 5 տարի անց ապրում ենք աննախադեպ վայրէջք, մեր պետականությունը կորցնելու իրական հնարավորություն՝ մեր իսկ ձեռքերով, մեր ապրելու օրերին, վկայությամբ և իր իսկ պաշտոնական արած խոսքերով, իր որոշումներով: Եթե որևէ բան չփոխենք միասին՝ մենք գնում ենք մեր երկիրը ցեղասպանության հանձնելու ընթացիկ, կազմակերպվող ծրագրին:

Կոլցո-2-ը՝ ընթացող կատարյալ շրջափակում է, ինքնիշխան հայրենի տարածքների սողացող օկուպացիա է և ինքն արդեն բացեիբաց խոստովանում է իր հանցակցությունը, որ ինքը գիտակցաբար հանձնում է պետական ինքնիշխան տարածքներ, պատճառում է հարյուրավոր և հազարավոր մահեր: Գիտակցաբար դրժում է պետական իր երդումը և բազմաթիվ դրվագներով խախտում Սահմանադրության պահանջը»,-ասել է նա:

Ըստ Հովհաննիսյանի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընտրվել է ժամանակին, բայց կորցրել է բովանդակային լեգիտիմությունը, միգուցե, ձևական լեգիտիմությունը պահպանել է և հայտնեց, որ կամք չունեցավ նոյեմբերի 9-ից հետո կամովի հեռանալ իշխանությունից:

«Նա գնում է պետական, ազգային քաղաքական դավաճանության»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը և պնդելով որ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմ է բերելու, հարցրել է, թե ինչպե՞ս ենք պատրաստվում դրան, ի՞նչ են անում պետական կառույցները, բայց վերջիններս պետք է քայլ կատարեն սահմանադրական կարգը վերականգնելու համար:

«Ժառանգություն» կուսակցության նախագահը հայտարարել է, որ ինքը, որպես քաղաքացի, բանաձևել է մոտեցումներ, ձևավորել վստահության խորհուրդ՝ տարբեր ոլոտների հարգանք վայելող մարդկանց, որոնք անձի շուրջ չեն հավաքվելու և ապահովելու են դեպի նոր Հայաստան անցումը:

«Թշնամին, Շառլ Միշելը, Վլադիմիր Վլադիմիրին, Էնթոնի Բլինքենը, աշխարհը ծայրից ծայր, ձախից աջ և մենք ինքներս՝ անկախ նրանից, թե ով, ինչպես է քվեարկեց, կամ իմ նման՝ չքվեարկել, պիտի իմանան, որ իր խոսքը, իր վարքը, ինքը սրանից հետո առոչինչ է»,-հայտարարել է Հովհաննիսյանը:

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում: