Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 29-ին հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ և մեկ անգամ ևս իր աջակցությունը հայտնել նրան և կառավարության այն քաղաքականությանը, որը նա իրականացնում է գործադիրի հետ միասին և որը միտված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:
«Դրա հետ կապված անցած շաբաթ կարևոր իրադարձություններ էին մեր քաղաքական կյանքում՝ սկսած բրյուսելյան հանդիպումից, որից հետո Դուք հստակ արտահայտեցիք ՀՀ կառավարության, իշխանության տեսակետը, համաձայն որի մենք ընդունում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնն ակնկալում Ադրբեջանից:
Սա, կարծում եմ, շատ կարևոր հայտարարություն էր և նաև ապացույց էր, որ մենք ոչ թե պարզապես խոսքեր ենք ասում խաղաղության մասին, այլ տրամադրված ենք տարածաշրջանում վերջնականապես խաղաղություն հաստատելուն: Կարծում եմ, մեր հարևանն էլ պետք է դա գիտակցի և գնահատի այն քայլերը, որոնք անում եք Դուք և կառավարությունը: Իրականում այն ինչին գնում է այսօր կառավարությունը՝ ես նկատի ունեմ այն քայլերը, որոնք արվում են և երկրի ներսում, և արտաքին քաղաքականության ասպարեզում, միտված են դրան»,-ասել է Խաչատուրյանը։
Անդրադառնալով Կատար կատարած իր այցին՝ ՀՀ նախագահն ասել է, որ հանդիպումներից մեկն Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Կրիստալինա Գեորգիևայի հետ էր, որի տեսակետն էլ ուզում է փոխանցել։
«Հայաստանն իրենք ընդունում են որպես լիարժեք գործընկեր, որը կատարում է իր պայմանավորվածություններն ու պարտականությունները, որը վստահելի գործընկեր է՝ ֆինանսական կայունության և պարտականությունների կատարման առումով: Մեր հանդիպման ընթացքում լրացուցիչ պայմանավորվեցինք, որ կշարունակենք նույն ոճով աշխատել: Իրենք պատրաստ են լրացուցիչ ներդրումներ կատարել, լրացուցիչ ֆինանսական աջակցություն ցույց տալ:
Նույնն արձանագրեցինք նաև իմ գործընկերների, Կատարի էմիր հետ հանդիպումների ժամանակ, իրենք պատրաստակամ են և սպասում են մեր առաջարկներին: Կատարը շատ դինամիկ զարգացող երկիր է, զարմանալի կարճ ժամանակում հաջողություններ է ունեցել: Բոլորիս թվում է, թե միայն ռեսուրսային երկիր է, բայց ըստ էության, իր զարգացման տրամաբանությամբ Կատարը ժամանակակից, բարձր տեխնոլոգիական, գիտելիքահեն տնտեսություն ունեցող երկիր է և հանձինս նրա մենք ունենք համագործակցության պատրաստակամ գործընկերոջ, հուսով եմ այսօր մենք այս հարցերի մասին էլ կխոսենք:
Ուզում եմ մեկ անգամ էլ վստահեցնել Ձեզ, որ ինքս իմ հնարավորությունների սահմաններում աջակցում եմ և աջակցելու եմ բոլոր այն ծրագրերին, որոնք իրականացնում եք Դուք, որոնք միտված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»,-ասել է նա:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նրան աջակցության համար:
«Հրապարակային հանդիպումներն էլ կարևոր են, որպեսզի նաև մեր ժողովուրդը տեսնի, որ իշխանության տարբեր թևերի միջև կա ինստիտուցիոնալ համագործակցություն, փոխգործակցություն: Մյուս կողմից էլ շատ կարևոր է, որ իշխանության փոխգործակցության այդ մեխանիզմներն էֆեկտիվ կերպով գործեն:
Այս առումով, կարող եմ վկայել, որ իրապես նախագահ-խորհրդարան-կառավարություն եռյակի միջև շատ կոնստրուկտիվ համագործակցություն է հաստատված, ինչը շատ կարևոր է հատկապես այս շրջանում: Նաև կարևոր եմ համարում, որ կառավարության քաղաքականությունները որոշակիորեն քննարկված և խորհրդակցված են խորհրդարանի, հանրապետության նախագահի հետ, բայց դա, իհարկե, ամենևին էլ պատասխանատվության մասին չէ. կառավարությունն այն լիարժեք ստանձնում է և պետք է ստանձնի, բայց իմանալ նաև պետության կարևորագույն ինստիտուտների կարծիքը այդ հարցերի վերաբերյալ՝ չափազանց էական է»,-ասել է Փաշինյանը:
Անդրադառնալով տարածաշրջանային իրադրությանը՝ Փաշինյանն ասել է, որ վերջին հանդիպումներից, բրյուսելյան պայմանավորվածություններից հետո Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններն առնվազն հարցեր են առաջացնում։
«Կարծում եմ, մենք պետք է հստակ մի հարցի պատասխան փորձենք գտնել, թե արդյոք այդ հայտարարությունները նշանակում են հրաժարում ձեռք բերված պայմանավորվածություններից: Կարծում եմ նաև, որ մեր միջազգային գործընկերների հետ պետք է այս խնդիրը կոմունիկացնենք, որովհետև բոլոր դեպքերում էլ պայմանավորվածությունների հուսալիությունը կարևոր նախապայման է, որովհետև երբ ձեռք են բերվում պայմանավորվածություններ և դրանք կյանքի չեն կոչվում, իհարկե դա խնդիր է բոլոր տեսակի հարաբերություններում, այդ թվում՝ միջազգային և միջպետական»,-ասել է նա:
Իլհամ Ալիևը Լաչինում մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։
Ալիևն իր ելույթում ասել է նաև․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանակացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։