Յուրաքանչյուր զբոսաշրջիկ Հայաստանում միջինը 1200 դոլար է ծախսում։ Այդ մասին ԱԺ-ում 2022-ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը` ներկայացնելով 2023-ի առաջին եռամսյակում կառավարության իրականացրած ուսումնասիրության նախնական տվյալները։
«Վերջին նման ուսումնասիրությունը 10 տարի առաջ է կատարվել, և 10 տարի առաջ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում ծախսում էր մոտ 800 դոլար։ Հիմա այդ թիվը 1200 է»,– ասել է Քերոբյանը` հավելելով, որ հարկ է հաշվի առնել, որ 10 տարվա ընթացքում փոխվել են նաև մարդկանց սովորույթները, հայտնում է Sputnik Արմենիան։
Նա նշել է, որ շատ զբոսաշրջիկներ գերադասում են հյուրանոցում հանգրվանելու փոխարեն տուն վարձել և խնայված գումարն այլ տեղ ծախսել։
Էկոնոմիկայի նախարարը հայտնել է նաև, որ 2023-ի առաջին 4 ամիսների ընթացքում Հայաստան է այցելել 630,000 զբոսաշրջիկ, ինչը բավական բարձր ցուցանիշ է ՀՀ-ի համար։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2022-ին Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակը հասել է 1 մլն 666 հազարի, որից մոտ 790,000-ը` ՌԴ–ից: Նա հավելել է, որ ավելացել է նաև այն զբոսաշրջիկների թիվը, որոնք ժամանել են այլ երկրներից: