Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ կոչ անելով «գործով, ոչ թե խոսքով հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և չմիջամտել իրենց երկխոսությանը «Ղարաբաղի շրջանի էթնիկ հայերի հետ»:
Հայտարարության մեջ ասվում է, թե ՀՀ ԱԳՆ-ն «գիտակցաբար խեղաթյուրել է Ադրբեջանի նախագահի խոսքերն տարածքային ամբողջականությունը հարգելու և անջատողականությունը խրախուսող քայլերը կանխելու անհրաժեշտության մասին», ինչը վկայում է, որ ՀՀ ԱԳՆ-ն «դասեր չի քաղել պատմությունից», գրում է Interfax.az-ը։
Ասվում է նաև, որ ՀՀ պնդումներն այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում ապրող հայերի էթնիկ զտում անցկացնել, անհիմն են»։
«Հակառակը, Բաքուն մտադիր է բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկել տեղի հայ բնակիչներին վերաինտեգրելու համար»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ նկրտումների կասեցումը Ադրբեջանի ինքնիշխան իրավունքն է և բխում է միջազգային իրավունքի նորմերից և սկզբունքներից։
Դրան հակասող Հայաստանի գործողությունները և հայ բնակիչների հետ Ադրբեջանի երկխոսության ջանքերին խոչընդոտելը միջամտություն է Ադրբեջանի ներքին գործերին և հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու վերաբերյալ ՀՀ պաթոսային հայտարարություններին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։
Իլհամ Ալիևը Լաչինում մայիսի 28-ի իր ելույթում ասել է, թե «անկախության երազանքները գնացին այնտեղ, ուր կարգավիճակը» և ԼՂ հայերին մեկ ճանապարհ է մնում՝ ենթարկվել Ադրբեջանին, «ցրել խորհրդարանը, աղբամանը նետել կեղծ պետական ատրիբուտները»։
Ալիևն իր ելույթում ասել է նաև․ «Բոլորին լավ հայտնի է, որ այսօր մենք հնարավորություն ունենք ցանկացած գործողություն անցկացնել այդ ռեգիոնում՝ Ղարաբաղում։ Ուստի «խորհրդարանը» պետք է լուծարվի, իրեն «նախագահ» անվանող տարրը պետք է հանձնվի, «նախարարները, «պատգամավորները» և մյուսները պետք է թողնեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց համար կարող են ինչ-որ զիջումներ արվել։ Միայն այդ դեպքում խոսք կարող է լինել ինչ-որ համաներման մասին»։