31 մայիսի 2023 - 12:07 AMT
Գայանե Հակոբյանի վերաբերյալ քրգործն ուղարկվել է դատարան

44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Հակոբյանի (Ազգուշ Մարտիրոսյան) վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը։

Գործն ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան և մակագրվել է դատավոր Մ. Շահվերդյանին։

«Այն ընդունվել է վարույթ և նշանակվել դատական նիստ, որը տեղի կունենա հունիսի 5-ին, ժամը 14։00-ին»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 17-ին «Հայկական ժամանակը» տեղեկություն էր տարածել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։ Ըստ թերթի զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել մարդուն առևանգելու հոդվածով, ձերբակալվել է մեկ անձ Գայանե Հակոբյանը։ Ավելի ուշ նա կալանավորվեց 1 ամսով։ Անդրադառնալով միջադեպին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ չի հորդորել իր որդուն հետ վերցնել բողոքը։

«Որդիների կանչ» ՀԿ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Աշոտ Փաշինյանն ինքն է նստել մեքենան, որտեղ իրենից բացի եղել է միայն զոհված զինծառայողի մայրը։