Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպմանը, պատասխանելով դիտարկմանը, որ եթե Տիգրանաշենն անցնի Ադրբեջանին, ապա անվտանգային մեծ խնդիր կառաջանա՝ կկտրվի ճանապարհը Վայոց Ձորից դեպի Երասխ և այլն, ասել է, որ այնպիսի անկլավ չկա, որը ճանապարհային անլուծելի խնդիր առաջացնի։
«Եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի»,– ասել է Փաշինյանը, գրում է Sputnik Արմենիան։
Նա հավելել է, որ այսօր ճանապարհային հարցն այնպես է զարգացվում, որ անլուծելի խնդիրներ չլինեն։
«Եթե ելնենք այն կանխավարկածից, որ այդտեղ եղել է Քյարքի, իրավական առումով կնայենք, քաղաքական առումով եթե պարզվի դա Ադրբեջանինն է, մենք այդտեղ ոչ մի խնդիր չունենք, և դեռ փաստ չէ, որ Ադրբեջանը կուզի Արծվաշենը վերադարձնի, Քյարքին վերցնի։ Բայց եթե նույնիսկ այդպես է, ես ուզում եմ, որ մենք այդ հարցի արժեքը չգերագնահատենք»,– ասել է Փաշինյանը:
Նա հայտարարել է, որ չկա այնպիսի անկլավ, որը մեզ համար կառաջացնի ճանապարհային անլուծելի խնդիր։
Նա տեղեկացրել է, որ վերջերս ոչ պաշտոնական այցով Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում էր, գյուղացիների հարցերին ի պատասխան ասել է` դեռ ոչ մի բան որոշված չէ, և առաջարկել է հարցի շուրջ լարվածությունը թուլացնել, թույլ չտալ, որ դրանով հոգեբանական ազդեցություն գործեն մեզ վրա։
«Գնանք, նայենք, պարզվեց դե յուրե էդ քարտեզով Ադրբեջանի՞նն է, քաղաքական առումով ոչ մի խնդիր չկա, մենք ասել ենք, որ քաղաքական մակարդակով ընդունում ենք անկլավները, իրենք էլ ընդունում են Արծվաշենը, դա էլ է անկլավ։ Լավ, ճանապարհը սենց չի գնա, նենց կգնա»,– հայտարարեց Փաշինյանը։
Նրա խոսքով այդտեղ դեռ շատ հարցեր կան, օրինակ ինչպես է քաղաքացիների մուտքը լինելու և այլն։
Կրկին վերադառնալով Տիգրանաշենի հարցին` նա նշել է, որ Երասխի համար փակուղի չի ստեղծվելու։ Ըստ նրա, եթե խաղաղություն եղավ, Երասխն էլ, օրինակ, Սադարակի (ադրբեջանական գյուղ) հետ առևտուր կանի։
Վարչապետը շեշտել է` բոլոր զրույցների վերջնանպատակը խաղաղությունն է, այլապես եթե խաղաղություն չկա, մնացածն անիմաստ է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։