25 ապրիլի 2009 - 15:34 AMT
Աշխարհը դեռեւս հեռու է համաշխարհային ճգնաժամը հաղթահարելուց
Նոր կանխատեսում է արվել համաշխարհային տնտեսության վերաբերյալ: Վաշինգտոնում G7 հանդիպման ամփոփիչ ճեպազրույցում նման կարծիք է հայտնել ԱՄՆ ֆինանսների նախարարության ղեկավար Տիմոտի Գայթները: «Ինչ-որ չափով մենք ոգեւորված ենք, սակայն սխալ կլիներ համարել, թե մոտ ենք այն խավարից դուրս գալուն, որն անցած աշնանն իջավ համաշխարհային տնտեսության վրա»,-ասել է նա:

Նրա խոսքերով, միակ ընդունելի հրամայականը ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ համատեղ ծրագրի իրականացումը կլինի, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դեռեւս հինգշաբթի Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հրահանգիչ տնօրեն Դոմինիկ Սթրոս-Քանը հայտարարել էր, թե աշխարհը դեռեւս «երկար ամիսներ» ստիպված կլինի սպասել տնտեսական ճգնաժամի ավարտին:

Ավելի վաղ հրապարկվել էր նաեւ ԱՄՀ զեկույցը գլոբալ կայունության վերաբերյալ: Փաստաթղթում ասվում է, որ ըստ հիմնադրամի կանխատեսման, ընթացիկ տարում ճգնաժամի պայմաններում համաշխարհային էկոնոմիկան կարող է «արժեզրկվել» մոտավորապես չորս տրիլիոն դոլարով, իսկ անկման երկու երրորդը կգրանցվի բանկային հատվածում: