ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյան, անդրադառնալով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա:
«Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով:
Առաջին, Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հրադադարի խախտումներ հրահրելով փորձում է իրավիճակի պատասխանատվությունը բարդել հայկական զինուժի վրա:
Երկրորդ, արդեն քանի օր է Ադրբեջանից հրապարակվում է Իվանյան (նախկ. Խոջալու) բնակավայրի հարևանությամբ գտնվող զորավարժարանից` ԱԹՍ-ից արված կադրեր, որտեղ երևում է կրակային պատրաստություն իրականացնող հայկական փոքր ստորաբաժանումներ:
Ադրբեջանի` ամենօրյա ռազմական հոխորտանքների, հայաստանյան իշխանության փախուստի և միջազգային հանրության լռության պայմաններում, Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա:
Ինժեներական-ամրաշինական աշխատանքները, մարտական պատրաստություն, իրավիճակից բխող մյուս գործողություններն ունեն մեկ նպատակ` Ինքնապաշտպանվել, ինչը հատկապես տրամաբանական է Ադրբեջանից հնչող սպառնալիքների համատեքստում:
Հայաստանի իշխանությունը միջազգային բանակցություններում ոչ միայն ջանքեր չի գործադրում Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար, այլ հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում միջազգային դերակատարների հանցավոր լռության և Ադրբեջանի լկտիության առումով»,-ասվում է գրառման մեջ։
Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ նշելով, որ կրակ չի բացվել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ԼՂ-ի և ԼՂ հայության դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 28-ին հնչեցրած սպառնալիքներին հաջորդել են Արցախի ՊԲ կողմից իբր հրադադարը խախտելու վերաբերյալ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։
Մայիսի 30-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ։