3 հունիսի 2023 - 16:24 AMT
Գրիզլով․ ԵԱՏՄ երկրները ինտեգրման նոր փուլի հնարավորություն ունեն

Բելառուսում Ռուսաստանի դեսպան Բորիս Գրիզլովը հայտարարել է, որ այսօր ԵԱՏՄ երկրների «հնգյակը» եվրասիական տարածքում ինտեգրման նոր փուլի մասնակից կարող է դառնալ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ-ն Ղազախստանի և Բելառուսի հետ 2010-ին կանգնած է եղել Մաքսային միության ստեղծման ակունքներում, մեր հայ և ղրղըզ գործընկերների միանալուց հետո ստեղծվեց Եվրասիական տնտեսական միությունը։ Aյսօր ԵԱՏՄ երկրների «հնգյակը» եվրասիական տարածքում ինտեգրման նոր փուլի մասնակից կարող է դառնալ»,-ասել է նա։

Գրիզլովն ասել է նաև, որ Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ՝ ի վնաս միության մյուս անդամների։

«Այն փաստը, որ Բելառուսը և Ռուսաստանը և Եվրասիական տնտեսական միության, և Միութենական պետության անդամներ են, չի նշանակում, որ մեր երկիրը որևէ սահմանափակում ունի Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ փոխգործակցության նմանատիպ մակարդակի հասնելու հարցում: Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադրություն չունի ինչ-որ մեկի հետ համագործակցել ի վնաս ուրիշների»,-ասել է Գրիզլովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Դեսպանն ընդգծել է, որ Ռուսաստանի համար կարևոր է էլ ավելի ամրապնդել արդեն իսկ հաստատված կապերը հայ, ղազախ և ղրղզ բարեկամների հետ, որոնց հետ ՌԴ-ին միավորում են պատմամշակութային խորը կապերը։

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունի ՌԴ և Բելառուս միութենական պետություն, բայց կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։