5 հունիսի 2023 - 10:28 AMT
ԱԽ քարտուղար․ Հնարավորություն կա տարեվերջին ունենալու խաղաղության պայմանագիր

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հայկական կողմը տրամադրված է, որ հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքվի՝ դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել։ Այդ մասին նա ասել է Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» եթերում։

«Բանակցությունները շատ ինտենսիվ են ընթանում, եթե այս ինտենսիվությունը կարողանանք պահպանել, և միջազգային հանրության ուժեղ աջակցություն լինի առաջընթաց գրանցելու, ապա հնարավորություն կա տարեվերջին ունենալ այդ խաղաղության պայմանագիրը։

Մենք տրամադրված ենք այնպես, որ լինի հնարավորինս շուտ. դա կարող է լինել տարվա ընթացքում կամ կարող է մինչև տարեվերջ ձգվել, բայց մեր տրամադրվածությունն այնպիսին է, որ գտնենք լուծումներ և այդ լուծումների շրջանակում առաջ տանենք խաղաղության օրակարգը և խաղաղության համաձայնագիր ունենանք»,-ասել է նա։

Հայաստան-Ադրբեջան բանակցությունների արևմտյան հարթակում Քիշնևից հետո նախատեսված է 3 հանդիպում։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի մասնակցությամբ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում՝ հուլիսի 21-ին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ հնգակողմ հանդիպում է նախատեսված հոկտեմբերին Գրանադայում։

Հունիսի 12-ին, արդեն հրապարակային հայտարարվել է, որ արտգործնախարարներն են հանդիպելու։