25 ապրիլի 2009 - 15:44 AMT
Ռուբեն Սաֆրաստյան. Բարաք Օբաման իր նախորդներից հեռու գնաց
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ-ի հայ համայնքին ուղղված իր ուղերձում իր նախորդներից հեռու գնաց եւ դա կարելի է միայն ողջունել: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը: «Օբաման օգտագործել է Մեծ եղեռն եզրաբառը, որն օգտագործվում է հայերի կողմից, եւ իրավական նշանակություն չունի, այն դեպքում, երբ «ցեղասպանությունը» միջազգային իրավունքում ընդունված եզրաբառ է: Սակայն ես կարծում եմ, որ այս առումով ԱՄՆ-ում առաջընթաց է նկատվում եւ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձեւի ընդունումն այս անգամ ավելի դյուրին ու արագ կլինի: Կոնգրեսականների հանդեպ ճնշում չի գործադրի ոչ Սպիտակ տունը, ոչ Պետքարտուղարությունը»,-ընդգծել է Սաֆրաստյանը:

Միեւնույն ժամանակ պրոֆեսոր Սաֆրաստյանը գտնում է, որ հայ-թուրքական համաձայնագիրը մեծ դերակատարություն չունեցավ Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրաբառն օգտագործելու կամ չօգտագործելու հարցում: «ԱՄՆ-ի համար Թուրքիան դեռեւս կարեւոր դաշնակից է եւ դա ավելի շատ կապված է Աֆղանստանի, քան Իրաքի հետ: Հայ-թուրքական հարաբերություններն այստեղ կապ չունեն»,-ասել է նա: