7 հունիսի 2023 - 19:04 AMT
Միշուստին. ՀՀ–ում աշխատում է ռուսական 4500 ընկերություն

ՀՀ–ում աշխատում է ռուսական 4500 ընկերություն, իսկ ռուսական կապիտալով ընդհանուր ներդրումներն ավելի քան 46 տոկոսով գերազանցում են ՀՀ տնտեսության մեջ եղած օտարերկրյա ամբողջ կապիտալը։ Այդ մասին Սոչիում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

Երկու երկրի վարչապետները Սոչիում հանդիպել են Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերի ժամանակ։

«Հունվարից ապրիլ երկու երկրի փոխադարձ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով, որը կազմում է 140 մլրդ ռուբլի, կամ ավելի քան 660 մլրդ դրամ։ Իհարկե, կարևոր է պահպանել դրական այս դինամիկան և փոխադարձ առևտրաշրջանառության մեջ նոր ռեկորդներ սահմանել»,– ասել է ՌԴ վարչապետը, գրում է Sputnik Արմենիան։

Նա նաև հայտարարել է, որ երկու երկրի առևտրային, տնտեսական և ներդրումային համագործակցությունն ակտիվորեն և դինամիկ զարգանում են ի հեճուկս ոչ բարեկամ երկրների ապօրինի տնտեսական պատժամիջոցներին։ Միշուստինի խոսքով անհրաժեշտ է օգտագործել եղած հնարավորությունները մեծացնելու առևտրաշրջանառությունը, ներդրումները։ ՌԴ վարչապետն ընդգծել է, որ իրենք հետաքրքրված են համատեղ նոր ծրագրերի իրականացմամբ էներգետիկայի, հանքաարդյունաբերության և ագրարային գյուղատնտեսության ոլորտներում։

Սոչիում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստերին, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսին: