Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ տարածքում, Նախիջևանի հետ սահմանակից վայրում, մեծ մետալուրգիական գործարանի կառուցման կապակցությամբ՝ «վտանգավոր» որակելով «այդ պլանները»։ Բաքուն այդպես է արձագանքել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրառմանը։
Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Երասխում կառուցվում է 70 մլն դոլար ներդրմամբ խոշոր հայ-ամերիկյան մետալուրգիական գործարան զրոյից։ Արտադրամասը 30 մ բարձրությամբ ու 16,500 քմ մակերեսով շենք է, որտեղ տարեկան թողարկվելու է 180,000 տոննա արտադրանք։
«Սա նշանակում է, որ Հայաստանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերն ու սկզբունքները, հատկապես ՄԱԿ անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության ՄԱԿ Եվրոպական տնտեսական կոնվենցիայի (Էսպօ կոնվենցիա) դրույթները»,-ասվում է հայտարարության մեջ, գրում է Haqqin.az-ը։
Ըստ Ադրբեջանի, Հայաստանը պետք է իր գործողությունները համաձայնեցներ Ադրբեջանի հետ և պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության փաստաթուղթ պատրաստվեր։
Նշվում է նաև, որ որոշ ժամանակ առաջ Ադրբեջանը հայց է ներկայացրել ՀՀ դեմ Էսպո կոնվենցիայի շրջանակում՝ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման հարցով։
Ադրբեջանական նախարարությունը «խստորեն դատապարտում է ՀՀ գործողությունները» և կոչ է անում միջազգային հանրությանը «հատուկ ուշադրություն դարձնել այս հարցին»։