8 հունիսի 2023 - 18:13 AMT
2 համալսարան կմիաձուլվի՝ կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանները կմիաձուլվեն և կվերակազմակերպվեն` արդյունքում կստեղծվի «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա» պետական հիմնարկը: Գործադիրը հավանություն է տվել որոշմանը։

Դա թույլ կտա ստեղծել մեկ ընդհանուր արդիական ուսումնանյութական բազա՝ ռազմաուսումնավարժական դաշտեր, բազաներ, համալիրներ, անհրաժեշտ միջոցներով հագեցված լաբորատորիաներ։

Վերակառուցման նպատակն է արդյունավետության բարձրացումը, հաստիքային կազմի օպտիմալիզացումը և կրթական ծրագրերի ծրագրային ու ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը դյուրինացնելը:

Ըստ հիմնավորման՝ ռազմաուսումնական հաստատությունների միավորումը թույլ կտա ընդհանրացնել ոչ միայն միևնույն գործառույթ իրականացնող կառավարման մարմինները ու ստորաբաժանումները, այլև հնարավորություն կստեղծի մտցնել միջազգային չափանիշների համապատասխան ռազմաուսումնական հաստատության կառավարման և կրթության որակի ապահովման նոր մշակույթ, ապահովել պրոֆեսորադասախոսական և գիտամանկավարժական կազմերի համակարգված պատրաստման և վերապատրաստման գործընթացը, ստեղծել մասնագիտական խորհուրդ, կենտրոնացնել ֆինանսական միջոցները մեկ միասնական կառավարման համակարգի ներքո: