Ներդրումային ծրագրով Սևանում նախատեսվում է առագաստանավային ակադեմիա և ակումբ ստեղծել։ Կառավարության որոշմամբ արտոնություն է տրամադրվել «ԴԻ ԷԼ ԷՖ Գրուպ Թրեյդ» ՍՊԸ-ին Սևանա լճի ազգային պարկի զարգացման ներդրումային ծրագիր իրականացնելու համար։
Ընկերությունը կօգտվի ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից՝ ներմուծվող ապրանքները նախատեսում է օգտագործել զբոսաշրջության ոլորտում։
Ծրագրով նախատեսվում է նաև հյուրանոցային համալիրի կառուցում։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 1.6 մլրդ դրամի ներդրում շինարարական աշխատանքների իրականացման և հիմնական միջոցների ձեռքբերման համար։ Արդյունքում կստեղծվի 67 նոր աշխատատեղ՝ մինչև 460,000 դրամ միջին ամսական աշխատավարձով։
Ծրագիրն իրականացվելու է Գեղարքունիքի մարզում։
2022 թ. հիմնադրված ընկերությունն արդեն իսկ իրականացրել է 49 մլն դրամի ներդրում։