12 հունիսի 2023 - 10:57 AMT
Monumentwatch.org. Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղ քրիստոնեական դամբարանադաշտում

Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղ քրիստոնեական դամբարանադաշտում: Այդ մասին հայտնում է Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող Monumentwatch.org կայքը։

«Ինչպես հստակ երևում է «Կովկասի ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch) կայքի հրապարակած տիեզերական լուսանկարից, Ադրբեջանը բունկերներ է փորել ԱՀ Մարտակերտի շրջանի Հայկաջուր (նախկին ադրբեջանական Սոֆուլլու) գյուղում գտնվող Գյավուրկալա (բառացի՝ անհավատների բերդ) հայկական վաղ քրիստոնեական բնակատեղիի դամբարանադաշտի տարածքում:

Գյավուրկալան Տիգրանակերտից հետո Արցախյան տափաստանի ամենաընդարձակ վաղ քրիստոնեական հայկական բնակատեղին է։Այն զբաղեցնում է մոտ երկու հեկտար տարածություն, ունի շուրջանակի հողապարիսպ, 5-6-րդ դարերի միասրահ եկեղեցի՝ կառուցված սրբատաշ քարերով և հարդարված խաչային հորինվածքներով: Դեռևս կանգուն էր վաղ քրիստոնեական կոթողի սյունը: Ինչպես երևում է տիեզերական լուսանկարից և քաղաքի հանույթից, վաղ քրիստոնեական դամբարանադաշտը գտնվում է եկեղեցուց արևելք։ Քաղաքի դամբարանադաշտում, հենց այնտեղ, որտեղ այսօր բունկերներ են փորվել, անցած դարի 50-ական թվականներին գտնվել է Արցախյան տափաստանի ամենավաղ հայերեն արձանագրություններից մեկը:

Բացառված չէ, որ հայերեն արձանագրություններով այլ սարկոֆագներ նույնպես գտնվեն այդ տարածքում:

«Փաստորեն Ադրբեջանը համառորեն շարունակում է հայկական հետքերի ոչնչացումը գրավյալ տարածքներում: Մեծ վտանգ կա, որ նման բունկերներ կտեղադրվեն և բուն բնակատեղիի տարածքում:

Համաձայն «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թվականի կոնվենցիայի 4.1-րդ հոդվածի․ «․․․ պետությունները պարտավորվում են հարգել իրենց, ինչպես նաև մյուս կողմերի տարածքներում գտնվող մշակութային արժեքները՝ արգելելով այդ արժեքների, դրանց անմիջական շրջակայքի և պաշտպանական կառույցների օգտագործումն այնպիսի նպատակներով, որոնք զինված ընդհարման դեպքում կարող են հանգեցնել այդ արժեքների ավերմանը կամ վնասվելուն, և ձեռնպահ մնալով այդ արժեքների դեմ ուղղված թշնամական որևէ գործողությունից»:

Ըստ Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիայի առաջին արձանագրության 53-րդ հոդվածի «Արգելվում է մշակութային ժառանգության դեմ իրականացնել ցանկացած թշնամական գործողություն, ռազմական նպատակներով օգտագործել դրանք, կամ հաշվեհարդարի առարկա դարձնել»: Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է միջազգային կոնվենցիաներով ստանձնած իր պարտավորությունները»,-ասվում է հրապարակման մեջ։ ։