12 հունիսի 2023 - 13:56 AMT
ԿԽՄԿ միկրոավտոբուսով Արցախից բուժառուներ են տեղափոխվել ՀՀ․ Բաքուն կադրերն այնպես է տարածել, որ չերևա Կարմիր խաչի նշանը

Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան և բուժված անձինք վերադարձել Արցախ, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

«Հաշվի առնելով առողջական հիմքով տեղափոխվող անձանց մեծ քանակը՝ որոշում է կայացվել այդ օրվա տեղափոխությունն իրականացնել միկրոավտոբուսով, որի կադրերը ադրբեջանական լրատվամիջոցները տարածել են այնպիսի անկյունից, որ չերևա Կարմիր խաչի նշանը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 10-ին (շաբաթ օրը) ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով, 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

19 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել է Արցախ։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։