13 հունիսի 2023 - 11:08 AMT
Արցախում վերանայվել են միրգ-բանջարեղենի մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները

Հանձնաժողովը վերանայել է Արցախում միրգ-բանջարեղենի շրջանառության ոլորտում մանրածախ իրացման ամենաբարձր թույլատրելի գները՝ հունիսի 12-ի դրությամբ, հայտնում է ԱՀ տեղեկատվական շտաբը։

Օրինակ, կարտոֆիլի մանրածախ առավելագույն գինը 1 կգ համար կազմել է 350 դրամ, տեղական թարմ կարտոֆիլինը՝ 600 դրամ, սմբուկի 1 կգ-ինը՝ 1000 դրամ, խնձորինը՝ 750 դրամ։

Արդեն 6 ամիս է՝ Ադրբեջանը փակ է պահում Լաչինի միջանցքը։

2022-ի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է բացել , սակայն Ադրբեջանը մինչ օրս չի կատարել այդ պահանջը։ 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները, փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ Լաչինի միջանցքում։ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հայտարարել է, որ հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։