13 հունիսի 2023 - 11:09 AMT
Դե Վաալ. Չեմ կարծում` հայկական տեսանկյունից մեծ խաղաղություն կլինի, եթե չլինի առանձին համաձայնություն ԼՂ հայերի մասով

«Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալը «Փաստինֆոյին» տված հարցազրույցում ասել է, թե չի կարծում, որ հայկական տեսանկյունից մեծ խաղաղություն կլինի, եթե չլինի առանձին համաձայնություն՝ Ղարաբաղի հայերի մասով։

Նրա խոսքով՝ այս համատեքստում խոսքը վերաբերում է արցախահայության իրավունքներին ու պաշտպանությանը։

«Շառլ Միշելը (Եվրախորհրդի նախագահ,-խմբ.) խոսեց Ղարաբաղում միջազգային որոշակի ներկայության մասին։ Պարզ չէ, թե ինչ նկատի ունի։ Կարծում եմ, որ սա կարևորագույն հարցն է, ու այն միշտ է եղել կարևորագույն հարցը՝ հայ-ադրբեջանական կոնֆլիկտի համատեքստում»,- ասել է նա։

Վերլուծաբանն անդրադարձել է նաև ադրբեջանական ագրեսիվ քաղաքականության ֆոնին քննարկվող խաղաղության օրակարգին և քարտեզներին վերաբերող հարցերին։

Բրյուսելում մայիսի 14-ին Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հայ-ադրբեջանական բանակցություններից հետո Շառլ Միշելը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են տարածքային ամբողջականությունը փոխադարձաբար ճանաչելու հանձնառությունը։ «Առաջնորդները վերահաստատել են իրենց անվերապահ հանձնառությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և Հայաստանի 29,800 քառակուսի կիլոմետր և Ադրբեջանի 86, 600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությանը», - հայտարարել է Միշելը։ Այդ հայտարարությունը Ռեյկյավիկում կրկնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը։