13 հունիսի 2023 - 13:10 AMT
Եղոյանը ենթադրում է` ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է Էրդողանի Ադրբեջան այցի պատճառով

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը ենթադրում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է, քանի որ ադրբեջանական կողմն այս օրերին հյուր ունի:

«Մասնավորապես, Թուրքիայի նախագահն է պատրաստվում այցելել Բաքու, իմ կարծիքով, ուղղակի այդ օրերին իրենց արտգործնախարարը չէր կարող բացակայել երկրից», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Եղոյանը, հայտնում է Aysor.am-ը։

Այն հարցին, թե գուցե, ինչ-որ բա՞ն ունի Ադրբեջանը համաձայնեցնելու Էրդողանի հետ, ՔՊ-ական պատգամավորը պատասխանել է. «Հեռախոսով էլ կարելի է համաձայնեցնել, 21-րդ դարում ենք ապրում»:

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում էր հունիսին՝ ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում:

Քննարկումները մեկնարկելու էին հունիսի 12-ին։ Ադրբեջանական կողմի խնդրանքով, սակայն, հանդիպումը հետաձգվել է: