13 հունիսի 2023 - 15:21 AMT
Փոխվարչապետն ու Կասպրշիկը քննարկել են Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու վերականգման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Երևանում հունիսի 13-ին տեղի ունեցած հանդիպմանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը և տրանսպորտային ապաշրջափակման ուղղությամբ առկա զարգացումները:

Անդրադարձ է կատարվել մասնավորապես Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման հեռանկարներին:

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի հունիսի 2-ի նիստից հետո հայտարարվեց, որ էական առաջընթաց է արձանագրվել ՀՀ և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, մեկնաբանելով հանդիպման արդյունքները, ասել էր, որ ոչ ոք Հայաստանի ինքնիշխանությունը կասկածի տակ չի դնում, բոլոր կողմերը տրամադրված են, որ հնարավորինս շուտ գործարկվեն աշխատանքները։ Ըստ ՌԴ փոխվարչապետի` դա լինելու է սովորական երկաթուղի, սովորական սահման՝ անձնագրային, սահմանային, մաքսային հսկողությամբ։