44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ պատերազմը, ամենայն հավանականությամբ, կարող էր տեղի չունենալ, եթե նախորդ 25 տարվա ընթացքում լուծած լինեին Լեռնային Ղարաբաղի հարցը։
«Բայց այստեղ մի էական հարց է ծագում՝ ուզո՞ւմ էինք արդյոք լուծել Ղարաբաղի հարցը, սրան զուգահեռ՝ մի շատ հիմնարար ու խորքային հարց է ծագում՝ կարո՞ղ էինք արդյոք լուծել ԼՂ հարցը ու եթե այո՝ ինչպե՞ս»,- նշել է նա, հայտնում է Panorama.am-ը։
Ըստ նրա, ԵԱՀԿ-ն, միջազգային հանրությունն ասել են, որ ԼՂ-ի հարցը պետք է կարգավորվի ինքնորոշման իրավունքի հիման վրա ու այդ ինքնորոշման իրավունքի իրացումը ԼՂ-ին կտա բարձր ինքնավարություն Ադրբեջանի կազմում:
«Դեռևս 1996 թվականին միջազգային հանրությունը, այդ թվում ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 5 մշտական անդամներից 4-ը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները այս դիրքորոշումն են արտահայտել, ինչը ոչ հանրային, ոչ փորձագիտական մակարդակում պատշաճ չի լուսաբանվել»,– ասել է նա։
Այնուհետև Փաշինյանը հայտարարել է, որ 1998 թվականին ԼՂ շուրջ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները պարտվողական համարելու ֆոնին իշխանության եկած Ռոբերտ Քոչարյանը հենց պաշտոնավարման մեկնարկից փակ դռների հետևում սկսեց քննարկել ու ընդունելի համարել այնպիսի տարբերակներ, որոնք ԼՂ-ն աներկբա ճանաչում էին որպես Ադրբեջանի մաս։
«Բայց սա տեղի էր ունենում բանակցային փաստաթղթերում, որոնք գաղտնի էին, հանրության աչքից հեռու»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա, Քիվեսթից հետո խմորվեցին-խմորվեցին և 2007 թվականին պաշտոնապես սեղանին դրվեցին Մադրիդյան սկզբունքները, «որոնք ասում էին, որ ԼՂ վերջնական իրավական կարգավիճակը կորոշովի ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով»։
«Այս բարեհունչ ձևակերպմամբ վերջին քարը դրվեց ԼՂ-ի՝ Ադրբեջանի կազմում չլինելու դամբարանին, քանի որ այն պահին, երբ ՀՀ ու Ադրբեջանը համաձայնվեցին Մադրիդյան սկզբունքներն ընդունել որպես ԼՂ հարցի կարգավորման բանակցային հիմք, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին ԼՂ-ում տեղի ունեցած անկախության հանրաքվեի արդյունքներն առնվազն դիվանագիտական առումով և քաղաքականապես զրոյացվեցին այն պարզ պատճառով որ եթե կարգավիճակը որոշվելու էր ապագայում տեղի ունենալիք հանրաքվեով, ուրեմն անցյալում տեղի ունեցած հանրաքվեով կարգավիճակ չի որոշվել։ Այսինքն, հանրաքվեի միակ իմաստն ու նպատակը, որ ԼՂ կարգավիճակի որոշումն էր, անկախության ամրագրումը, որպես բանակցային գործոն այդ պահից զրոյացել է»,- ասել է նա։
«Ռոբերտ Քոչարյանը Տեր-Պետրոսյանի մոտեցումը պարտվողական համարելով՝ հաղթողական ուղղության առաջնորդությունը ստանձնելով՝ Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում այսուհանդերձ անում է քայլեր, որոնք բյուրեղացնում են այն ճարտարապետությունը, որը կառուցվել է ԱՊՀ հիմնադիր փաստաթղթերով, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերով։
Ի՞նչ է անում Ռոբերտ Քոչարյանը նախագահի պաշտոնակատարի, ապա նախագահի պաշտոնում հայտնվելուց հետո. Լեռնային Ղարաբաղին զրկում է բանակցությունների մասնակցի կարգավիճակից, այսինքն Քոչարյանի՝ Հայաստանի նախագահ դառնալուց հետո ԼՂ ներկայացուցիչները բանակցություններին չէին մասնակցում, մինչդեռ դրանից առաջ մասնակցում էին լիարժեք։
Ռոբերտ Քոչարյանը զրկեց Լեռնային Ղարաբաղին որևէ ինքնուրույնությունից` այդպիսով խախտելով ԼՂ ժողովրդի կամքը»,-ասել է վարչապետը։
Փաշինյանը հավելել է, որ ԼՂ-ին դուրս թողնելով բանակցային պրոցեսից, հարցի ամբողջ միջազգային ճնշումը ավտոմատ վերահասցեագրվեց ՀՀ-ին։
«Հետևաբար, Ռոբերտ Քոչարյանը կամավոր Հայաստանի համար նման, մեղմ ասած, տհաճ վիճակ ստեղծեց։ Այս հանգամանքների բերումով ԼՂ հիմնահարցը կամաց-կամաց սկսում է ընկալվել որպես տարածքային վեճ Ադրբեջանի ու Հայաստանի միջև, որը հնարավոր ամենանեգատիվ միջազգային ֆոնն էր ԼՂ հարցի համար»,-ասել է Փաշինյանը։
Փաշինյանը հանգամանալից անդրադարձել է նաև ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովին և 1997 թվականի նոյեմբերի 1-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հրապարակած «Պատերազմ թե խաղաղություն, լրջանալու պահը» վերնագրով հոդվածին: Փաշինյանն ասել է, որ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում «մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր», և հիշեցրել, որ այդ հոդվածից 7 տարի առաջ ՀՀ ԳԽ-ն որոշում էր կայացրել ՀՀ-ի և ԼՂԻՄ-ի վերամիավորման մասին,դրանցի 6 տարի առաջ էլ Արցախը հանրաքվեով հռչակել էր անկախությունը: